вторник, 7 июня 2011 г.

Իսպանական օրինակով, հայկական «դուխով»

Հայաստան 4-1 Մոնտենեգրո
...դժվար է վերհիշել իսպանական որևէ բան, բայց ամեն-ինչ հերթով...

    Հայաստանի անկախացումից հետո ավանդույթ դարձավ արտասահմանցի մարզիչներ հավաքական հրավիրելը: Եվ բացի լուսահոգի Յան Պորտերֆիլդից մնացած մարզիչների օրոք մեր թիմը ուղղակի գոյատևում էր՝ մեր նյարդերի հաշվին: Անցած խաղաշրջանում դանիացի Սերիցլևի գլխավորությամբ մեր երիտասարդական հիանալի ելույթներ ունեցավ, և իր հեղինակությամբ այդ շրջանում գերազանցում էր նույնիսկ ազգային թիմին: Եվ նրա հեռանալուց հետո շատերի մոտ կասկածանք կար հետագա արդյունքների վերաբերյալ....բայց  դա շարունակվեց այնքան մինչև եկավ հայ երիտասարդ մարզիչների ժամանակը:
     Ազգայինը բավականին լավ խաղ անցկացրեց ռուսների հետ, սակայն դա չպետք է լիներ վերջին շրջանի գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը... Հունիսի 7-ին առանց նախորդ շրջանի առաջատարներ Հենրիխ Մխիթարյանի, Հովհաննես Գոհարյանի, Լևոն Հայրապետյանի մեր երիտասարդականը ՖԱՆՏԱՍՏԻԿ հանդիպում անցկացրեց՝ ջախջախելով Մոնտենեգրոյի հավաքականին: Բայց այդքանը ասել կնշանակի ոչինչ չասել: Եվ այսպես՝
  • մեր հավաքականը գլխով գոլ խփեց «հսկաների» հավաքականին
  • մոտ 80 րոպե խաղաց 10 հոգով
  • մեր թիմը խփած գոլերից բացի ստեղծեց ևս 6-7 իրական գոլային պահ
  • դիմակայեց վատ մրցավարությանը
  • ցուցադրեց հիանալի թիմային խաղ
Հայաստանի ֆուտբոլային ապագան ակնհայտ է՝ հաշվի առնելով իսպանական փորձը: Նախ մենք իսպանացիների նման սկսել ենք տարբեր հավաքականներում միանման գործել: Բացի դրանից մենք իսպանացիների նման սկսել ենք խաղալ կարճ փոխանցումներով, արագ, մտածված ֆուտբոլ:

P.S. Սակայն մենք կարող ենք գերազանցել նրանց, քանի որ նրանք չունեն մեր «դուխը»

суббота, 4 июня 2011 г.

Ռուսների բերանները չկարողացանք փակել


    «Եթե նման կարգի մրցակիցների հետ խաղերից առաջ մեզ մոտ նման անհանգստություն է առաջանում, ապա նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ»-Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Սերգեյ Յուրան:
    «Այդ էր պակաս, որ նույնիսկ արդեն հայերի հետ մեզ համար անհաջող խաղեր լինեն:» - Ռուսաստանի հավաքականի եւ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիս:
    Նմանատիպ կարծիքներ էին տիրում Ռուսաստան - Հայաստան խաղից առաջ: Այնուհետև մեր հավաքականը մեկնեց Սանկտ-Պետերբուրգ և ...  ՌՖՄ առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը ներողություն է խնդրել Հայաստանի հավաքականից, քանի որ Ռուսաստանի ֆուտբոլային միության ներկայացուցիչները ուշացման պատճառով չեն կարողացել դիմավորել: Դա այն դեպքում երբ հավաքականի ինքնաթիռը վայրէջք էր կատարել 34 րոպե ուշացումով:

    Այս ամենից հետո մեկնարկում է հանդիպումը: Չխորանալով մանրամասների հետ նշենք, որ մեր թիմը աչքի ընկավ լավ խաղով, նույնիսկ առաջ անցավ հաշվի մեջ, բայց պաշտպանությունում թույլ տված սխալների արդյունքում գրանցվեց 3-1 հաշիվը: Ընդմիջմանը այցելելով ռուսական հեղինակավոր soccer.ru կայքը նկատեցի մեր հավաքականի բառից բուն իմաստով անկրկնելի կազմը...բոլոր խաղացողները խաղում էին........0 համարի մարզաշապիկով և մեկնարկային կազմի 11 խաղացողներից 8 դիրքերը սխալ էին նշված (նույնիսկ պատահական դասավորելով դժվար էր նման արդյունքի հասնել) 

четверг, 2 июня 2011 г.

Որտե՞ղ է հիմա Ժորա Հովհաննիսյանը



Մոտենում է Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև պատասխան հանդիպումը: Եվ բոլորիս հետաքրքրում է, թե ինչ մարզավիճակում են գտնվում մեր առաջատար խաղացողները՝ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը: Բացի դրանից պակաս հետաքրքրություն չի առաջացրել ինտերնետում հայտնված այն նորությունը, որ հայազգի Արազ Օզբիլիզը համաձայնվել է հանդես գալ մեր դրոշի ներքո:

     Մի կողմ դնելով այդ ամենը եկեք տեղափոխվենք 6-7 տարի առաջ..

Այն ժամանակ հայկական ֆուտբոլի ամբողջ հույսը կապված էր 2 տաղանդների հետ: Նրանք էին Էդգար Մանուչարյանը և Ժորա Հովհաննիսյանը: Էդգարը թեև հիմա էլ հանդիսանում է մեր գլխավոր թիմի առանցքային խաղացողներից մեկը և Հայաստանի առաջնության ռմբարկուներից մեկը, սակայն դա նույնիսկ մոտ չէ այն սպասելիքներին, որոնք կային ֆուտբոլասերների շրջանում: Սակայն իրավիճակը շատ ավելի բարդ է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի՝ Խորեն Հովհաննիսյանի որդու դեպքում: 17 տարեկանում տեղափոխվելով հունական «Օլիմպիակոս» և զրկված լինելով խաղային պրակտիկայից նա հասցրեց խաղալ բազում հունական թիմերում, իսկ 2010 թվականին տեղափոխվեց ռուսական «Սատուրն», սակայն ինչպես հայտնի է այս թիմը չշարունակեց իր ելույթները պրեմիեր-լիգայում և լուծարվեց: Եվ Հովհաննիսյանը նորից դուրս է մնացել մեր տեսադաշտից, նա հայտավորված չէ նաև «Սատուրն-2»-ի կազմում:
     Եվ կարծում եմ բոլորիս համար էլ  հետաքրքիր և մեր հավաքականի համար օգտակար կլինի նրա մասին ինֆորմացիան (չմոռանանք, որ նա ընդամենը 24 տարեկան է): Փորձենք այդ հարցը ուղղել հայկական ֆուտբոլային լրատվամիջոցներին (totalfootball.am-ին, armfootball.com-ին, armsport.am-ին, «ֆուտբոլ +» շաբաթաթերթին):

     Դե ինչ սպասենք արձագանքներին: