воскресенье, 22 декабря 2013 г.

Հորիզոնական դասավանդում

Դպրոցական տարիներից մտածում էի, որ ուսուցիչը ամենաանշնորհակալ գործերից մեկն է: Այդ կարծիքս ավելի ամրապնդվեց համալսարանում, երբ ինքնահաստատվող դպրոցի ուսուցիչներին փոխարինեցին անտարբեր ու չզարգացող դասախոսները:

Սակայն մի օր հանդիպեցի Դեյվիդ Ֆիշին. մասնակցում էի նրա վարած կարճաժամկետ կուրսերին: Այդ ամերիկացին կտրուկ փոխեց իմ կարծիքը ուսուցչի աշխատանքի մասին: Նա փողկապ չէր կրում, մենք նրան ազգանունով չէինք դիմում, բայց դրա հետ մեկտեղ բոլորս հաճույքով էինք օրվա վերջում հավաքվում նրա շուրջ: Վառ օրինակի վրա հասկացա ու տեսա, որ դասերը կարելի է այնպես կազմակերպել, որ ուսանողները չքնեն դասի ժամանակ, գիտելիքներ ստանան և հետաքրքիր ժամանակ անցկացնեն դասի ժամանակ:
Դրանից հետո ժամանակ առ ժամանակ սկսում էի մտածել այն մասին, թե ինչպիսի նմանատիպ մեթոդ կարելի է կիրառել համալսարանական դասերի ժամանակ: Առաջացած մտքերը փորձում էի ստուգել՝ պատկերացնելով, թե ինչպիսին կլիներ իմ կուրսեցիների (նաև իմ) վերաբերմունքը դրան: Իհարկե այստեղ պետք էր չմոռանալ մի կարևորագույն հանգամանքի մասին՝ ի տարբերություն անգլերենի դասընթացի, այս դեպքում կլինեն որոշակի քանակությամբ մարդիկ, որոնք ընդհանրապես հետաքրքրված չեն լինի դասի նկատմամբ և սովորական մահկանացուների համար այդ բացը վերացնելը գրեթե անլուծելի խնդիր կլիներ:

Ժամանակը եկավ և ես հնարավորություն ստացա փորձարկել այդ տեսական մտքերը գործնականում: 
Կային մի քանի անհրաժեշտ կետեր, որոնց առկայությունը ես ընկալում էի, որպես դասի "նորմալ" անցկացման նախապայմաններ, դրանք էին.

  • պետք է հաճույք ստանալ դասընթացի պրոցեսից,
  • պետք է աշխատասիրությամբ նախապատրաստվել դասին,
  • պետք է պատասխանատվությամբ վերաբերվել ուսանողներին տրվող ինֆորմացիային,
  • հետաքրքրություն առաջացնել ուսանողների մեջ (դասընթացի և առարկայի նկատմամբ :) ),
  • սովորել ցանկացող ուսանողների համար ապահովել համապատասխան միջավայր,
  • հնարավորինս ինտերակտիվ անցկացնել դասը,
  • ուսանողներին տալ ազատության հնարավորինս մեծ աստիճան: Ի վերջո, այն բաները, որոնք մենք իրականում որակով ենք անում, անում ենք սիրով: Իսկ երբ անձը հետաքրքրված չէ, անհնար է նրան օգուտ տալ ցածր գնահատական դնելով կամ դասերին գալ ստիպելով: Միակ ճանապարհը նրա մեջ հետաքրքրության զգացում առաջացնելն է:
  • ուսանողներից մեկի կատարած աշխատանքները ցույց տալ բոլորին: Դրա նպատակն է սխալները միասին ուղղելը, լավ կատարված մասերը բոլորին ցույց տալը, մյուսներին ցույց տրվածի մեջ նորը բացահայտելու հնարավորություն տալը:
  • հնարավորինս շատ կիսվել սեփական փորձով (անխոս ընդունում եմ, որ չեմ կարող պարծենալ իմ ունեցած ահռելի փորձով): Ուսանողներին միշտ հետաքրքրում ու գրավում է, թե ռեալ կյանքում որտե՞ղ կարող է օգտագործվել այդ առաջին հայացքից անհասկանալի տեսությունը:
  • վերացնել "տեր-ծառա" հարաբերությունները, ուսանողներին վերաբերվել ինչպես գործընկեր, որոնց հետ աշխատում ենք մեկ պրոյեկտի մեջ: Իսկ այդ պրոյեկտը նրանց հետ իմ գիտելիքներով կիսվելն է:՛
  • չմոռանալ, որ առաջնային նպատակը ուսանողի գիտելիքն է, որը պետք է գնահատվի ըստ արժանավույն: Իսկ մնացած ասպեկտները (դասերին հաճախել, պարտաճանաչորեն կատարել առաջադրանքները, լինել լավ անձնավորություն և այլն) պետք է միայն դրականորեն ազդեն: Դրանք դիտարկել որպես լրացուցիչ բոնուսներ, այլ ոչ թե պարտադիր պայմաններ:
  • Ամենակարևորներից մեկը կուզենայի առանձնացնել վերջում: Դա փոխհամաձայնության ռեժիմում աշխատելն է, երբ 2 կողմերն էլ գիտակցում են իրենց դերն ու պարտականությունները: 

Լավագույն տարբերակն այն է, երբ ուսանողներն իրենց ցանկությամբ են հավաքվում դասախոսի շուրջը, այլ ոչ թե դասախոսն է ստիպում, որ գան ու նստեն իր դիմաց:

P.S. Ուղղահայաց դասավանդման մեթոդը իրեն սպառել է, ժամանակն է անցնել հորիզոնականին:

Комментариев нет:

Отправить комментарий