вторник, 26 июня 2012 г.

Մարշրուտկայի ֆենոմենը


    Բոլորիս կյանքում էլ պատահել է, երբ ժամանակի որոշակի պահի անհրաժեշտ է կենտրոնանալ և որևէ կարևոր հարցի լուծում գտնել: Բայց այդպիսի դեպքերից մեծամասնության դեպքում դա մեզ չի հաջողվում, և այդ պահին մեզ թվում է անիրագործելի խնդիր: Այս երևույթը կարող է հետևանք լինել մեծ լարվածության, որը կա տվյալ պահին: Սակայն որոշ ժամանակ անց, շատ անսպասելի վայրում մենք կարող ենք գտնել այդքան բարդ թվացող հարցի պատասխանը: Սա որպես ներածություն:
    Իսկ այսօրվա գլխավոր թեման հետևյալն է. ինչու՞ է դա առավել հաճախ տեղի ունենում երթուղայինների մեջ: Հաշվի առնելով այն վիճակը, որը տիրում է երևանյան տրանսպորտներում՝ դժվար է խելամիտ պատասխան գտնել: Կարծես, թե ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի մենք ներերթուղային իրարանցումից բացի որևէ այլ բանի մասին մտածել չկարողանանք: Սակայն արի ու տես, որ դա այդպես չէ:
  Իսկ ո՞րն է այն բացառիկ երևույթը, որը մեզ թույլ է տալիս նման ոչ բարենպաստ պայմաններում «ստեղծագործել»: Ես դա վերագրում եմ գիտակցություն-ենթագիտակցություն անցումներին: Հայտնվելով անցանկալի իրավիճակում՝ մեր գիտակցությունը ցանկանում է մտովի հեռանալ այդտեղից և ցրվել: Այսպիսով «ղեկավարումը հանձնվում է» ենթագիտակցությանը: Իսկ վերջինս, որպես մտածելու թեմա ընտրում է վերջին ժամանակների մեր համար ամենակարևոր թեման (մեծ հավանականությամբ դա լինում է այդ կարևոր հարցը, որի լուծումը դեռ չենք գտել): Այսպիսով՝ հայտնվելով մի իրավիճակում, որտեղ բացակայում է լարվածությունը, և «անջատված են» արտաքինից եկող ազդակները (գիտակցությունը ցանկանում էր հեռանալ տվյալ իրավիճակից, և անտեսում է արտաքին շատ երևույթներ), մենք կարող ենք հանգիստ մտորել և օգտագործել մեր ողջ պոտենցիալը:

P.S. Այստեղ տեղին է հիշել «քաղցած արվեստագետ» արտահայտությունը... միգուցե այն ճիշտ է՞: