среда, 23 февраля 2011 г.

Հայության հարատևման գրավականները


Ով է իմ համար հայը 

           Հայը Երկիր մոլորակի վրա ապրելու համար ամենակենսունակ մարդն է, որը կարող է ապրել ցանկացած միջավայրում : Բայց ապրելով` հայը միայն գոյատևման խնդիր չի լուծում , նա կարողանում է վերափոխել իր շրջապատը և ծաղկեցնել այն, ինչում մենք կարող ենք համոզվել Երկրի ցանկացած կետում, որտեղ հայ կա : Ապրելով օտար երկրներում` հայերը ստեղծել են այնպիսի գաղթօջախներ , որտեղ կարողացել են պահպանել ինքնության պահպանման համար երեք կարևոր գաղափարներ` լեզուն, կրոնը և մշակույթը: Բացի դրանից նրանք կարողացել են հարմարվել նաև տեղական նորմերին ու որպես այդ երկրի քաղաքացիներ հասնել հաջողության :

         Հայը մարդկային հարաբերություններ հաստատելու և մարդկանց միջև կապող օղակ հանդիսանալու մեծ շնորհ ունի: Դարեր ի վեր այդպիսի <<միջանկյալ օղակ>> հանդիսանալով` հայը ձեռք է բերել ինտելեկտի մեծ պաշար և շփվելով տարբեր ժողովուրդների հետ` հայը կարողացել է ստեղծել մի արժեհամակարգ , որով դաստիարակվել են բազում սերունդներ:
        Եվ ի վերջո հայը մասնիկն է այն ժողովրդի, որը առաջինն է քրիստոնեությունը ընդունել , որպես պետական կրոն , և հետևաբար, <<հայ>> և <<քրիստոնյա>> բառերը անբաժան են իրարից : Եվ ավելի ճիշտ կլինի <<հայ>> բառի փոխարեն օգտագործել <<հայ-քրիստոնյա>>, որը լիովին նկարագրում է ՀԱՅ-ին:


Որոնք են հայության հարատևման գրավականները 

          Հայության հարատևման գաղտնիքը <<հայ ընտանիք>>  գաղափարն է , որի հիմքում ընկած են մեր հազարամյա պատմությունը և այդ պատմությունից ժառանգած արժեհամակարգը :  Հարատև (կայուն) կարելի է համարել այն համակարգը , որը հնարավորինս քիչ է ենթարկվում արտաքին գործոնների ազդեցությանը և , որը աչքի է ընկնում իր հարմարվողականությամբ : Իսկ հայ ընտանիքը կատարելապես համապատասխանում է այս երկու պահանջներին , որի վառ վկայություններն են հայկական ընտանիքներում ամուսնալուծությունների շատ փոքր թիվը և հայ մոր կերպարը :

         Հայի հարատևման մյուս կարևոր բաղադրիչը նրա կամքն է : Այս եզրահանգման լավագույն ապացույցը <<Մայրիկ>> Գ/Ֆ-ում արված մի արտահայտություն է, որը հնչում է Մեծ Եղեռնից մազապուրծ եղած մի տղամարդու կողմից, որը տեղահանման ժամանակ ենթարկվել էր անմարդկային տանջանքների . <<Ողջ մնացի , որ … պատմեմ>> :
         Մյուս կարևոր փաստը, որին պետք է ուշադրություն դարձնել դա հայի մեծ պոտենցիալն է, մասնավորապես `ահռելի մտավոր ունակությունը:
         Այսպիսով` հայը ունենալով միտք, կամք և ընտանիք, որը ունի պաշտպանության կարիք, ուղղակի չի կարող հարատև չլինել:



Հայության հարատևմանը սպառնացող վտանգները 

           Հայության հարատևմանը սպառնացող ամենակարևոր խնդիրներից մեկը ներկայիս ահռելի ինֆորմացիային <<դիմակայելն>> է : Խորհրդային վարագույրի բացվելը, այնուհետև տեղեկատվական տեխնոլոգիաների գերարագ աճը, հայ երիտասարդի մոտ ցանկություն են առաջացրել նմանվել եվրոպացիներին ու ամերիկացիներին : Առաջին հայացքից սա, իհարկե, ավելի շատ դրական կողմեր է պարունակում , սակայն հայը արդեն գտել է իր հարատևման ձևը և կարիք չունի նմանվելու : Տեսնելով այլ ազգերի ապրելակերպը, նորմերը, մշակույթը` ամեն հայ պետք է ունենա ներքին <<մաքսատուն>> և յուրաքանչյուր նոր երևույթ մինչ իր ներաշխարհ ընդգրկելը անցկացնի այդ <<մաքսատնով>>ու որոշի նրա իրական որակն ու պիտանելիությունը:

        Այժմ շատ հայ երիտասարդներ ձգտում են իրենց ուսումը շարունակել արտերկրում , որն ունի  դրական կողմեր , սակայն դա նաև հնարավորություն է տալիս մշտական բնակություն հաստատել տվյալ երկրում : Եվ շատ ուսանողներ ունեն այդպիսի ցանկություն , սակայն դա կապված է նրանց` երիտասարդի հատուկ եռանդով ու հետաքրքրասիրությամբ : Այդպիսի մտքերի հիմքում շատ ժամանակ ընկած է նոր երկրներ տեսնելու , նոր մշակույթների հետ ծանոթանալու ձգտումը :  Այս հարցին , որպես լուծում կարող է ծառայել Եվրոպան երիտասարդին ավելի <<հասանելի>> դարձնելը:
        Մյուս վտանգը, որը ամենասարսափելին է, <<հայ>>  լինելուց ամաչելն է: Որքան էլ զարմանալի թվա, սակայն կան նաև այդպիսի մարդիկ և այս մարդկանցից <<ազատվելով>>` մեր ազգը միայն կշահի:
        Գոյություն ունեն նաև ավելի ակնառու վտանգներ, ինչպիսիք են` թշնամիներով շրջապատված լինելը, միասնական չլինելը, ոչ հարմար աշխարհագրական դիրքը և այլն: Սակայն ինչպես ցույց է տվել պատմությունը հայերը կրիտիկական պահերին կարողանում են միավորվել և տեր կանգնել այն արժեքներին, որոնց կրողն են իրենք: 

Հ.Գ.     Հարատևելու համար անհրաժեշտ են նոր խթաններ, իսկ դրա համար անհրաժեշտ է չկտրվել արմատներից, քանի որ կտրվելով արմատներից` մենք այլևս պաշտպանելու բան չենք ունենա:

Комментариев нет:

Отправить комментарий