пятница, 30 декабря 2011 г.

Bye 2011 !!!


    Ահա և վերջ: Ավարտվում է 2011 թվականը և նորից սկսվեց նախատոնական եռուզեռը: Այս տարեվերջը առանձնահատուկ է նրանով, որ ավելի թեժ են դարձել ավելորդ առևտրի մասին խոսակցությունները: Գնալով ավելի շատ մարդիկ են համաձայնվում Նոր Տարին տանջանքից ուրախության վերածելու մտքի հետ: Հուսանք, որ մյուս տարի մարդիկ կսկսեն մտածել Սուրբ Ծնունդը Ամանորից կարևորելու մասին: Հայկական ավանդական կենացի չվերածելով՝ շնորհավորում եմ բոլորին և մաղթում նոր անմոռանալի, հաճելի պահեր:

P.S. Մայաներին էլ չհավատաք ))) 

воскресенье, 30 октября 2011 г.

ACM Ծրագրավորման մրցույթ և մեր ՏՏ-ի ոլորտի վիճակը


    Նոյեմբերի 29-ին կայացավ ամենամյա ACM ICPC ծրագրավորման մրցույթի հայաստանյան փուլը: Սա շատ հեղինակավոր մրցույթ է և հովանավորվում է IBM-ի կողմից: Այն բաղկացած է մի քանի փուլերից, և տարածաշրջաններում մրցելով՝ աշխարհի լավագույն թիմերը մասնակցում են եզրափակիչ փուլին: Թիմերը ներկայացնում են համալսարանները, ամեն թիմ բաղկացած է 3 հոգուց:
    Վերջին շրջանում Հայաստանում շատ է նշվում, որ առաջնային ուղղություն է համարվում ՏՏ ոլորտի զարգացումը: Սակայն ելնելով այն արդյունքներից, որոնք ցույց են տալիս հայերը այս մրցույթում արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն: Թեև Հայաստան - Վրաստան - Ադրբեջան եռյակի մեջ հայկական թիմերը առավելություն ունեն, սակայն ռուսական, ուկրաինական թիմերի հետ համեմատած աշխատելու դեռ տեղ կա:
    Այսպիսի իրավիճակում հայտնվելու պատճառները բավականին պարզ են: Հայաստանում համապատասխան մակարդակի վրա դրված չեն թիմերի հետ աշխատանքները: Ընդամենը մեկ - երկու համալսարանում է մշտական աշխատանք կատարվում այս ուղղությամբ, մնացածները թիմերը հավաքագրում են մրցույթից անմիջապես առաջ: Իսկ այդպես արդյունք ակնկալելն իզուր գործ է: Բայց սա արդեն վերջին շրջանն է աշխատանքի՝ մինչ այդ պետք է համապատասխան աշխատանք տարվի դպրոցներում: Իսկ այդպիսի գործընթացներ կան միայն մի քանի մասնավոր դպրոցներում: 
    P.S. Ամեն դեպքում հաջողության հասնելու ամենամեծ գրավականը ինքնուրույն աշխատանքն է, իսկ պետությունը կարող է գոնե տեղեկատվությունն ապահովել:

пятница, 7 октября 2011 г.

Դուբլինի կարևորությունը Ավարայրի նկատմամբ

Ուղղակի անկարելի էր չանդրադառնալ այս թեմային: Այսօր փառահեղ, պատմական, հնարավոր է անկրկնելի օր է մեր կյանքում: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը տարավ 3-րդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակը՝ 4-1 հաշվով ջախջախելով Մակեդոնիային: Եվ այժմ իրական, տեսանելի շանս առաջին անգամ դուրս Եվրոպայի առաջնությոան ընտրական փուլ: Ընդամենը անհրաժեշտ է հաղթել Իռլանդիային, և կերտել նոր պատմություն: Եվ եթե 1560 տարի առաջ մեր հերոսները պայքարում էին իրենց արժեքները պահպանելու համար, ապա մեր այսօրվա հերոսները մեզ հնարավորություն են տալիս զգալ մեզ համար նոր արժեքի համը: Դա է Եվրոպայի առաջնությունը: Մնում է մեկ բան ավելացնել: Հաջողություն մեզ:

четверг, 22 сентября 2011 г.

«Հայության հարատևման գրավականները-2» կամ հաջողության ռեֆերատը

    Հայաստանում նույնպես առաջանում են կրթությանը հովանավորելու, ֆինանսավորելու ավանդույթներ: Այդպիսի ծրագրեր է իրականացնում նաև «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, որը ամեն կիսամյակում տրամադրում է կրթաթոշակներ և փոխհատուցում ուսման վարձեր: Դրանք իրականացվում են մրցույթների տեսքով: Եվ այս կիսամյակի մրցութային թեմաները նպատակ էին հետապնդում պարզել Հայաստանին, հայությանը սպառնացող խնդիրները, և այն հանգամանքները, որոնք կարող են օգտակար լինել հայապահպանման գործում: Այդ թեմաներից մեկը «Հայության հարատևման գրավականներն» էր: Ներկայացնեմ իմ ներկայացրած ռեֆերատը,......որը ինձ հաջողություն բերեց :):

ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆԵՐԸ
Ով է իմ համար հայը 

           Շատերի համար շարունակում է անպատասխան հարց մնալ, թե ինչպես է կարողացել հայ ազգը պահպանել իր գոյությունը բազում դարերի ընթացքում այն դեպքում, երբ շատերը դադարել են գոյություն ունենալ: Դրան ավելացնելով նաև հայերի տարբեր երկրներում  ծավալած ծաղկուն գործունեությունը՝ նրանք ստիպված են համակերպվել, որ հայը Երկիր մոլորակի վրա ապրելու համար ամենակենսունակ մարդն է:

пятница, 29 июля 2011 г.

Տուրիզմը Հայաստանում կամ մի «հողաթափի պատմություն»

Բոլորս ուրախանում ենք, երբ լսում ենք Հայաստանում տուրիստների քանակի ավելացման մասին, սակայն մեզանից շատերը չեն մտահոգվում այն մասին, որ քանակը ուղղակի կապ ունի մեզ՝ տեղացիներիս հետ: Իսկ առավել մեծ կապ ունի սպասարկման ոլորտում աշխատող մարդկանց հետ:
    Երևանում արդեն բավականին շոգ է, և մի օր ընկերներով որոշեցինք գնալ Ջրաշխարհ հանգստանալու, սակայն մենք չէինք կարող գուշակել, որ այդ օրվանից այդքան հիշարժան պահեր կունենանք...սկսենք սկզբից

  • Հասնելով տեղ հասկացանք, որ մեր մոտ եղած կանխիկ գումարը չի բավականացնում, և որոշեցինք քարտով վճարել կամ քարտից գումար հանել, սակայն ինչպես պարզվեց Ջրաշխարհի մոտակայքում ոչ մի նման հնարավորություն չկա...և մենք ստիպված հասանք Մասիվ:
  • Զգեստափոխվելուց հետո գնացինք համապատասխան վայր, որպեսզի արկղի մեջ տեղավորենք մեր հագուստները, բայց ստիպված էինք բավականաչափ սպասել: Բայց զարմանալին դա  չէր, այլ այն, որ մեր սպասելու պատճառը ոչ թե մարդկանց հերթն էր, այլ...մի իրանցի տուրիստ: Իսկ ինչու՞մն էր բանը: Բանն այն էր, որ նրան ստիպում էին այլ զամբյուղ վերցնել: Եվ այն էր ամենածիծաղելին, որ աշխատողները պատճառաբանում էին, որ 3 հոգու հագուստ չի կարելի մի զամբյուղի մեջ դնել,  անհրաժեշտ է ևս մեկ զամբյուղ վերցնել: Իմ համար անհասկանալի տրամաբանություն - ինչ տարբերություն քանի հոգու հագուստ է, եթե այն տեղավորվում է արկղի մեջ...ինչ ասես չես տեսնի այդ 400 դրամի համար:
  • Ատրակցիոններից մեկի մոտ մարդիկ հերթ կանգնելով ստանում էին անհրաժեշտ պարագաները, որպեսզի օգտվեն ատրակցիոնից: Օգտվելուց հետո այդ պարագաները հանձնվում էին հերթում առաջինը եղածին: Ամեն ինչ հարթ ընթանում մինչև մի «շյուստրի» իրանցու ի հայտ գալը: Նա «ելույթը» ավարտելուց հետո փորձում էր ինչ-որ կերպ համոզել, որ ևս մեկ անգամ օգտվի: Հասկանալի է, որ նրա ցանկաությունը բավարարել հնարավոր չէր, և տվյալ մասի աշխատողները դա նրան բացատրեցին....նրա ձեռքերից քաշելով ու նրա վրա բարձր գոռալով վռնդեցին այդտեղից:

пятница, 22 июля 2011 г.

«Գիշերային լաբիրինթոս» N2 ...կամ ինչպես հասնել Ուրուգվայ

«Երիտասարդական աշխարհ» ՀԿ-ն Հուլիսի սկզբներին նախաձեռնեց մի հայտնի և հետաքրքրաշարժ խաղ՝ «գիշերային լաբիրինթոս» անվանմամբ: Այն հետաքրքիր էր մի քանի տեսանկյուններից, քանի որ խաղի ընթացքում անհրաժեշտ է գործել արագ, շուտ կողմորոշվել, լավ ծանոթ լինել քաղաքին, ինչպես նաև ունենալ համապատասխան ինֆորմացիա ու ինտելեկտ:
     Եվ այսպես այսօր կայացավ խաղի երկրորդ փուլը, որի ընթացքում զգացինք խաղի բարդության իրական աստիճանը: Խաղի առաջադրանքները միտումնավոր կշրջանցեմ, քանի որ հետագայում նրանցից լավագույնները հետագայում հնարավոր է նորից կիրառվեն: Իսկ երեկվա մեր առաջադրանքները անկասկած այդպիսիք էին:  Իսկ այժմ անդրադառնանք մեր «տանջանքներին», սակայն թիմի անդամները շատ հնարավոր է, որ այնքան էլ համաձայն չլինեն չակերտների հետ: .
    Քայլարշավը սկսվեց «Ցիտադելի» մոտից: Որոշ ժամանակ քննարկումներից հետո որոշեցինք լուծումը գտնելու համար խմբից մի քանի հոգով շարժվել դեպի Հրապարակ, իսկ մյուս մասը գնաց Մատենադարան: Պետք է չմոռանալ նշել, որ փոխադրամիջոցը մեր հավատարիմ ոտքերն էին: Ցանկություն չունենալով գիդի ընդունակություններս զարգացնել, միանգամից ներկայացնեմ մեր անցած ուղին: Այդ երեկոյի(գիշերվա) ընթացքում մենք հասցրեցինք լինել

Հրապարակում -> Գիտությունների ակադեմիայում -> Վրաստանի դեսպանատան ՆԱԽԿԻՆ շենքում գործող հյուրանոցի մոտ -> Ուրուգվայի ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ դեսպանատան մոտ -> և վերջապես վերջնակետի Ուրուգվայի դեսպանատան մոտ: Արդյունքում մնացին հոգնած ոտքեր և լավ հիշողություններ:

вторник, 7 июня 2011 г.

Իսպանական օրինակով, հայկական «դուխով»

Հայաստան 4-1 Մոնտենեգրո
...դժվար է վերհիշել իսպանական որևէ բան, բայց ամեն-ինչ հերթով...

    Հայաստանի անկախացումից հետո ավանդույթ դարձավ արտասահմանցի մարզիչներ հավաքական հրավիրելը: Եվ բացի լուսահոգի Յան Պորտերֆիլդից մնացած մարզիչների օրոք մեր թիմը ուղղակի գոյատևում էր՝ մեր նյարդերի հաշվին: Անցած խաղաշրջանում դանիացի Սերիցլևի գլխավորությամբ մեր երիտասարդական հիանալի ելույթներ ունեցավ, և իր հեղինակությամբ այդ շրջանում գերազանցում էր նույնիսկ ազգային թիմին: Եվ նրա հեռանալուց հետո շատերի մոտ կասկածանք կար հետագա արդյունքների վերաբերյալ....բայց  դա շարունակվեց այնքան մինչև եկավ հայ երիտասարդ մարզիչների ժամանակը:
     Ազգայինը բավականին լավ խաղ անցկացրեց ռուսների հետ, սակայն դա չպետք է լիներ վերջին շրջանի գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը... Հունիսի 7-ին առանց նախորդ շրջանի առաջատարներ Հենրիխ Մխիթարյանի, Հովհաննես Գոհարյանի, Լևոն Հայրապետյանի մեր երիտասարդականը ՖԱՆՏԱՍՏԻԿ հանդիպում անցկացրեց՝ ջախջախելով Մոնտենեգրոյի հավաքականին: Բայց այդքանը ասել կնշանակի ոչինչ չասել: Եվ այսպես՝
  • մեր հավաքականը գլխով գոլ խփեց «հսկաների» հավաքականին
  • մոտ 80 րոպե խաղաց 10 հոգով
  • մեր թիմը խփած գոլերից բացի ստեղծեց ևս 6-7 իրական գոլային պահ
  • դիմակայեց վատ մրցավարությանը
  • ցուցադրեց հիանալի թիմային խաղ
Հայաստանի ֆուտբոլային ապագան ակնհայտ է՝ հաշվի առնելով իսպանական փորձը: Նախ մենք իսպանացիների նման սկսել ենք տարբեր հավաքականներում միանման գործել: Բացի դրանից մենք իսպանացիների նման սկսել ենք խաղալ կարճ փոխանցումներով, արագ, մտածված ֆուտբոլ:

P.S. Սակայն մենք կարող ենք գերազանցել նրանց, քանի որ նրանք չունեն մեր «դուխը»

суббота, 4 июня 2011 г.

Ռուսների բերանները չկարողացանք փակել


    «Եթե նման կարգի մրցակիցների հետ խաղերից առաջ մեզ մոտ նման անհանգստություն է առաջանում, ապա նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ»-Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Սերգեյ Յուրան:
    «Այդ էր պակաս, որ նույնիսկ արդեն հայերի հետ մեզ համար անհաջող խաղեր լինեն:» - Ռուսաստանի հավաքականի եւ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիս:
    Նմանատիպ կարծիքներ էին տիրում Ռուսաստան - Հայաստան խաղից առաջ: Այնուհետև մեր հավաքականը մեկնեց Սանկտ-Պետերբուրգ և ...  ՌՖՄ առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը ներողություն է խնդրել Հայաստանի հավաքականից, քանի որ Ռուսաստանի ֆուտբոլային միության ներկայացուցիչները ուշացման պատճառով չեն կարողացել դիմավորել: Դա այն դեպքում երբ հավաքականի ինքնաթիռը վայրէջք էր կատարել 34 րոպե ուշացումով:

    Այս ամենից հետո մեկնարկում է հանդիպումը: Չխորանալով մանրամասների հետ նշենք, որ մեր թիմը աչքի ընկավ լավ խաղով, նույնիսկ առաջ անցավ հաշվի մեջ, բայց պաշտպանությունում թույլ տված սխալների արդյունքում գրանցվեց 3-1 հաշիվը: Ընդմիջմանը այցելելով ռուսական հեղինակավոր soccer.ru կայքը նկատեցի մեր հավաքականի բառից բուն իմաստով անկրկնելի կազմը...բոլոր խաղացողները խաղում էին........0 համարի մարզաշապիկով և մեկնարկային կազմի 11 խաղացողներից 8 դիրքերը սխալ էին նշված (նույնիսկ պատահական դասավորելով դժվար էր նման արդյունքի հասնել) 

четверг, 2 июня 2011 г.

Որտե՞ղ է հիմա Ժորա Հովհաննիսյանը



Մոտենում է Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև պատասխան հանդիպումը: Եվ բոլորիս հետաքրքրում է, թե ինչ մարզավիճակում են գտնվում մեր առաջատար խաղացողները՝ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը: Բացի դրանից պակաս հետաքրքրություն չի առաջացրել ինտերնետում հայտնված այն նորությունը, որ հայազգի Արազ Օզբիլիզը համաձայնվել է հանդես գալ մեր դրոշի ներքո:

     Մի կողմ դնելով այդ ամենը եկեք տեղափոխվենք 6-7 տարի առաջ..

Այն ժամանակ հայկական ֆուտբոլի ամբողջ հույսը կապված էր 2 տաղանդների հետ: Նրանք էին Էդգար Մանուչարյանը և Ժորա Հովհաննիսյանը: Էդգարը թեև հիմա էլ հանդիսանում է մեր գլխավոր թիմի առանցքային խաղացողներից մեկը և Հայաստանի առաջնության ռմբարկուներից մեկը, սակայն դա նույնիսկ մոտ չէ այն սպասելիքներին, որոնք կային ֆուտբոլասերների շրջանում: Սակայն իրավիճակը շատ ավելի բարդ է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի՝ Խորեն Հովհաննիսյանի որդու դեպքում: 17 տարեկանում տեղափոխվելով հունական «Օլիմպիակոս» և զրկված լինելով խաղային պրակտիկայից նա հասցրեց խաղալ բազում հունական թիմերում, իսկ 2010 թվականին տեղափոխվեց ռուսական «Սատուրն», սակայն ինչպես հայտնի է այս թիմը չշարունակեց իր ելույթները պրեմիեր-լիգայում և լուծարվեց: Եվ Հովհաննիսյանը նորից դուրս է մնացել մեր տեսադաշտից, նա հայտավորված չէ նաև «Սատուրն-2»-ի կազմում:
     Եվ կարծում եմ բոլորիս համար էլ  հետաքրքիր և մեր հավաքականի համար օգտակար կլինի նրա մասին ինֆորմացիան (չմոռանանք, որ նա ընդամենը 24 տարեկան է): Փորձենք այդ հարցը ուղղել հայկական ֆուտբոլային լրատվամիջոցներին (totalfootball.am-ին, armfootball.com-ին, armsport.am-ին, «ֆուտբոլ +» շաբաթաթերթին):

     Դե ինչ սպասենք արձագանքներին:

суббота, 28 мая 2011 г.

Մի «սպեկուլյանտի» խոսք



     Նախաբան .
Թեև նախորոք որոշել էի Մայիս-Հունիս ամիսներին նոր գրառումներ չանել՝ քննաշրջանի զբաղվածության հետ կապված, սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ և «ստիպված» էի փոխել որոշումս:
    Ի սկզբանե այս կիսամյակի համար բավականին հանգիստ, ինչ-որ տեղ հաճելի հանգուցալուծում էր  սպասվում՝ կապված առարկաների հասկանալի լինելով և դասախոսների դեպի ուսանողը ունեցած բարյացկամ վերբերմունքով: Եվ ամեն ինչ իր հունով էր գնում... որոշակի քանակությամբ գնահատականներ արդեն հասցրել էին իրենց տեղը գտնել «զաչոտնիկի» մեջ: Եվ ահա հասավ բակալավրիատի ամբողջ քառամյա կուրսի ամենահեշտ առարկաներից մեկի (ու սա սուբյեկտիվ գնահատական չէ) ստուգարքի օրը...
    Մաս 1.
Ինչպես միշտ լավ տրամադրությամբ ներկայանում եմ ստուգարքին: Ամեն ինչ ընթանում է սովորականի նման (կամ ավելի լավ): Վերջապես հասնում է գիտելիքներս «ի ցույց դնելու» իմ հերթը («սովորական» կոչված մթնոլորտը շարունակվում է): Դասախոսը հայտնում է կարծիք, որ առավելագույն գնահատական ստանալու համար պետք է լրացուցիչ հարցի  պատասխանել, որոշում է հարցը: Սակայն այդ հարցին անմիջապես պատասխանելու հնարավորություն չի տրվում՝ պատճառաբանելով, որ էլի ուսանողներ կան, որ պետք է պատասխանեն, և ուղարկում է «ստիպողական» պատրաստվելու (աբսուրդ N1): Ինչևէ...անցնենք  հաջորդ մասին...գլխավոր իրադարձությունները դեռևս առջևում են:

пятница, 29 апреля 2011 г.

Քաղցկեղը մեր առօրյայում

     Կանցերոգեն տերմինը առաջացել է անգլերեն cancer (քաղցկեղ) բառից: Նշանակում է քիմիական կամ ֆիզիկական ազդեցություն մարդու օրգանիզմի վրա, որը մեծացնում է չարորակ ուռուցքի առաջացման հավանականությունը: 
    Այժմ մեր շրջապատից դիտարկենք մի քանի իրեր, որոնք իրենց մեջ պարունակում են մեծաքանակ կանցերոգեն նյութեր:

1. Բազմոցներ
10 տարուց ավելի օգտագործված բազմոցների, աթոռների սպունգները (гупка) փչանալով սկսում են արտադրել առողջության համար վտանգավոր նյութեր:



4. Պարաֆինե մոմեր
Այն մոմերը, որոնք պատրաստված են պարաֆինից պարունակում են առողջության համար վտանգավոր 11 նյութեր, որոնցից 2-ը կանցերոգեն են:

воскресенье, 24 апреля 2011 г.

96 տարի սպասման մեջ...



1915 թ. ապրիլի 24...Թուրքիա

2011թ. ապրիլի 24...Աշխարհ....

      Անցել է 96 տարի, սակայն հայ ժողովուրդը դերևս չի մոռացել և չի դադարել պայքարել...։ Միտքը անավարտ է մնում՝ իսկ հանուն ինչի պայքարել չի դադարել։ Շատ մարդկանց այս հարցը տալով ստանում ես՝ «հանուն ցեղասպանության ճանաչման» պատասխանը։ Վերջին շրջանում դա ավելի շուտ դարձել է պայքար հանուն ԱՄՆ նախագահի կողմից հնչեցված «ցեղասպանություն» բառի։ Բայց դա ինչ-որ բան կտա՞ մեզ։ 

      Եկեք ընդունենք, որ Օբաման ոչ միայն արտասանել է այդ բառը, այլ նաև այն ճանաչել է պետականորեն։ Ավելին ընդունենք, որ դա  ճանաչել է նաև թուրքական կառավարությունը։ Բայց մի՞թե դա բավական է մեզ։ Այստեղ կհնչեն կարծիքներ, թե կառաջանա հողերի վերադարձման խնդիր, սակայն որքանո՞վ է դա իրատեսական։ Իմ սուբյեկտիվ կարծիքով սա անհույս գաղափար է։ Հնարավոր է նաև կարծիք «արյան գին» վճարելու մասին, բայց այդ անցողիկ գումարը, որը կասկածելի է, թե ինչ ապագա կունենա, կարո՞ղ է սփոփանք լինել։ Միանշանակ Ո՛Չ։

пятница, 22 апреля 2011 г.

Մխիթարյանը ավելի հարուստ է, քան Մայքլ Ջեքսոնը


Այսօր հայկական լրատվամիջոցներում տարածվեց այն լուրը, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հանդիսանում է ամենաբարձր վարձատրվող հայ մարզիկը։ Եվ ըստ ESPN-ի նրա աշխատավարձը կազմում է$360.000։ Սա իմանալուց հետո գրեթե բոլորը հաշվեցին, որ դա օրական հաշվարկով կազմում է $1000 կամ ~350.000 դրամ։ Սա բոլորի մոտ եթե ոչ նախանձ, ապա գոնե ուրախություն առաջացրեց, որ Հենոն այդքան գումար է ստանում։ Սակայն այժմ Ձեզ կներկայացնեմ մի փաստ, որից հնարավոր է ապշեք։ Եվ այսպես տեսնենք թե որքան աշխատավարձ են ստանում այլ ֆուտբոլիսներ, որոնք հանդիսանում են իրենց երկրների ամենաբարձր վարձատրվող մարզիկները՝

вторник, 19 апреля 2011 г.

Հայեր ուշքի եկեք..Դուք կորցնում եք Ձեր «թագավոր ընկերներին»



Արթուր,Անի,Հայկ,Մարիամ,Տիգրան...այս անուններով մարդիկ իրենց կյանքում բազում անգամներ զգացած կլինեն իրենց անունների կողմից պատճառած դառնությունները (առանց չակերտների)։ Այդ դառը համը ամեն անգամ ճաշակում եմ նաև ես, երբ փողոցով քայլելիս ամեն 3-4 անունի մեջ անպայման հնչում է «Արթուր» բառը և անհրաժեշտ է լինում միշտ զգոն լինել՝ պարզելու համար դա քեզ էր ուղղված թե ոչ, կամ հեռախոսով ներկայանալիս անունից բացի անհրաժեշտ է նաև լրացուցիչ միջոցների դիմել, որպեսզի դիմացինդ քեզ «տեղը բերի»։
     Եվ Աստված բարեհաճ գտնվեց իմ հանդեպ, երբ առաջին դպրոցում ունենալով 3, երկրորդում՝ 4, ինստիտուտում՝ ևս 4 անվանակից ես բախտ ունեցա մականուն «ձեռք չբերել»։ Այդքան տարիների տանջանքներից հետո այսօր ուրախալի տեղեկություն գտա։ Այդտեղ ներկայացված էին ՀՀ-ում 2010 թ.-ի ծնված երեխաների ամենատարածված անունները, և հրաշք...այնտեղ բացակայում էր «Արթուրը»։ Միթե հայ ծնողները մոռացել են այդ թագավորական անունը՝King Arthur, որը վերջին շրջանում նոր գործածություն է ստացել։
    Բայց տխրելու առիթ չկա, կանցնի ևս մի 40 տարի, և մեր սերունդը մեծանալով իրենց թոռներին «կժառանգի» իրենց անունները և «Արթուրը» նորից կունենա տարբեր ճաշակի երանգներ՝ «Տուրո»,«Տուլո» ...

суббота, 16 апреля 2011 г.

Ամենաերկարատև Էլ-Կլասիկոյին ընդառաջ


    Նախաբան։ Ահա և հասավ երկար սպասված օրը, որը կհայտարարի 20 օր տևողությամբ ֆուտբոլային տոնի մեկնարկը։ Այդ օրերի տեղի կունենա ոչ ավել, ոչ պակաս 4 Էլ-Կլասիկո։ Պատմության մեջ առաջին անգամ «Ռեալը» և «Բարսելոնան» մեկ մրցաշրջանի ընթացքում կհանդիպեն 7 անգամ։ Վերջին 3 հանդիպումները իրենց կարևորությամբ կհասնեն գագաթնակետին։ Երկու հանդիպում տեղի կունենա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում, իսկ մեկը Իսպանիայի գավաթի եզրափակչում։ Եվ այսօրվա հանդիպումը կարելի է, որպես նախաբան համարել, քանի որ մադրիդյան ակումբին շատ դժվար կլինի չեզոքացնել 8 միավորի տարբերությունը առաջնությունում։

     Մարզիչները։ Վերջին 5 հանդիպումները ավարտվել են «Բարսելոնայի» հաղթանակով, իսկ Գուարդիոլան ընդհանրապես միայն հաղթանակներ է տոնել «Ռեալի» հանդիպումներում, որպես մարզիչ։
Մոուրինյոյի համար այս խաղը լրացուցիչ ինտրիգ է  պարունակում, քանի որ նա, որպես սերուցքայինների գլխավոր մարզիչ կանցկացնի իր 50-րդ հանդիպումը։ Բացի դրանից նա էլ ավելի թեժացրեց կրքերը, երբ հրաժարվեց խոսել մամուլի ասուլիսի ժամանակ, որից հետո ներկա լրագրողների մեծամասնությունը բոյկոտեց ասուլիսը և հեռացավ։

среда, 6 апреля 2011 г.

Ինչ կտա չարի վերջը...

     Շատերիս գլխի մեջ նստած է այն միտքը, թե հերոսը այն մարդն է, որը պաշտպանում է բարին չարից, վերացնում է չարը և այլ հակաչար կերպարներ, կամ կատարում է այսպես կոչված բարի գործեր: Եվ կարող է կարծիք ստեղծվել, թե չարի վերացման հետ մեկտեղ բոլորս երջանիկ կդառնանք:
     Սակայն դուք մտածել եք, թե ինչն է ձեր կյանքը հետաքրքիր, նպատակային և երջանիկ դարձնում: Այդ հետաքրքրության ձևավորման գործում ահռելի ազդեցություն ունի որոշ ժամանակամիջոցի համար նպատակ դնելը,և այդ նպատակին հասնելու ձգտումը: Իսկ այդ նպատակը ի հայտ է գալիս որևէ մեկին նմանակվելու ցանկությունից, եթե նույնիսկ դա օրիգինալ գաղափար է, սակայն ըստ էության դրա ստեղծման ժամանակ մենք ոգեշնչվում ենք ինչ-որ մեկից: Եվ այսպիսով մենք կարող ենք գալ եզրակացության, որ մեր գոյատևման ուղղակի անհրաժեշտ են դրական կերպարներ (պարզ է, որ չարից օրինակ վերցնելը այնքան էլ գովելի չէ): Եվ այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը . "Ինչպես ընտրել դրական կերպարներին?": Պատասխանը միանշանակ է,և եթե մենք գործ ունենք երկրային իրականության հետ, ապա դրանց արժեքը որոշվում է համեմատման միջոցով, այսինքն լավի արժեքը հասկանալու համար մենք պետք է ճանաչենք վատին, իսկ ճանաչելու համար անհրաժեշտ է, որպեսզի վատը լինի:
     Եվ ահա մենք հասանք վերջին եզրահանգմանը: Մեր գոյատևման համար անհրաժեշտ է վատի ներկայությունը:

P.S. Եղեք երջանիկ ))) Ամեն ինչ Ձեր ձեռքերում է  !!!

понедельник, 28 марта 2011 г.

Ցուցամոլություն,թե պարզ կյանքի վայելք

     Գարնանային օրերի տաքանալու հետ մեկտեղ աճում է նաև Երևանյան փողոցներում զբոսնողների քանակը: 


     Այսօր, համալսարանից դուրս գալուց հետո, երբ քայլում էինք Մաշտոցի պողոտայով մեր ուշադրությունը գրավեց պարզ հագուստով մի տղամարդ, որը նստեց իր Bentley-ն...սա արդեն բավական էր, որպեսզի երկու տղաների համար ապահովեր բավականաչափ զրուցելու թեմա: Մեր մեջ առաջացավ մի հարց,որի պատասխանը գտնելը այդքան էլ դյուրին գործ չէր...Ինչ մեքենա մեքենա կվարեինք, երբ չունենայինք ֆինանսական որևէ խնդիր: Որպես պատասխանի տարբերակներ առաջ քաշվեցին «կունենայի վարորդ»,«ոտքով կտեղաշարժվեի» և ևս մի քանի այլ միջոցներ, բայց մենք բաց էինք թողել ամենաիրականը...


     Այդպիսի բուռն քննարկումերով հասանք Օպերա...և մեր աչքից չէր կարող վրիպել փողկապով և դիպլոմատով մի տղամարդ,որը կանգնած էր կանգառում: Սակայն ամենահետաքրքիրը ես դեռ չեմ ասել: Այդ մարդը «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարի հեղինակ Արտեմ Սարգսյանն էր`  «Արմենիա TV»-ի համասեփանականատեր Բագրատ Սարգսյանի հայրը(սա նշվում է ֆինանսական հնարավորությունները ընդգծելու համար): Մեր մեջ ցանկություն առաջացավ նաև իմանալ,թե ինչ է «կորցրել» նա այդտեղ, և մենք չզլացանք ևս մի քանի րոպե սպասել ու ստանալ այդ հարցի պատասխանը, ու եղավ ամենաանսպասելին... տրոլեյբուս...

P.S. Հնարավոր էր նաև իրական դրվագներով կադրեր,սակայն մենք չցանկացանք փչացնել այդ գեղեցիկ պարզությունը...

среда, 23 февраля 2011 г.

Հայության հարատևման գրավականները


Ով է իմ համար հայը 

           Հայը Երկիր մոլորակի վրա ապրելու համար ամենակենսունակ մարդն է, որը կարող է ապրել ցանկացած միջավայրում : Բայց ապրելով` հայը միայն գոյատևման խնդիր չի լուծում , նա կարողանում է վերափոխել իր շրջապատը և ծաղկեցնել այն, ինչում մենք կարող ենք համոզվել Երկրի ցանկացած կետում, որտեղ հայ կա : Ապրելով օտար երկրներում` հայերը ստեղծել են այնպիսի գաղթօջախներ , որտեղ կարողացել են պահպանել ինքնության պահպանման համար երեք կարևոր գաղափարներ` լեզուն, կրոնը և մշակույթը: Բացի դրանից նրանք կարողացել են հարմարվել նաև տեղական նորմերին ու որպես այդ երկրի քաղաքացիներ հասնել հաջողության :

         Հայը մարդկային հարաբերություններ հաստատելու և մարդկանց միջև կապող օղակ հանդիսանալու մեծ շնորհ ունի: Դարեր ի վեր այդպիսի <<միջանկյալ օղակ>> հանդիսանալով` հայը ձեռք է բերել ինտելեկտի մեծ պաշար և շփվելով տարբեր ժողովուրդների հետ` հայը կարողացել է ստեղծել մի արժեհամակարգ , որով դաստիարակվել են բազում սերունդներ:
        Եվ ի վերջո հայը մասնիկն է այն ժողովրդի, որը առաջինն է քրիստոնեությունը ընդունել , որպես պետական կրոն , և հետևաբար, <<հայ>> և <<քրիստոնյա>> բառերը անբաժան են իրարից : Եվ ավելի ճիշտ կլինի <<հայ>> բառի փոխարեն օգտագործել <<հայ-քրիստոնյա>>, որը լիովին նկարագրում է ՀԱՅ-ին:

вторник, 15 февраля 2011 г.

Չեմպիոնների լիգա . 8 փաստ 8 խաղի վերաբերյալ


Արսենալ - Բարսելոնա
Շատերի կարծիքով սրանք այժմ աշխարհի ամենագեղեցիկ խաղ ցուցադրող թիմերն են : Եվ բոլորն ակնկալում են ականատես լինել գեղեցիկ և գոլառատ հանդիպման ` ինչպես եղավ անցած մրցաշրջանում , երբ <Բարսելոնան>  6-3 ընդհանուր հաշվով հաղթանակ տարավ : Միայն կարելի է հիշեցնել , որ Լեո Մեսսին <Կամպ Նոուում> դարձավ 4 գոլի հեղինակ :

Միլան - Տոտենհեմ
Այս տարի այս 2 թիմերն էլ աչքի են ընկնում գեղեցիկ և արդյունավետ խաղով : Հետաքրքիր պայքար է սպասվում նրանց հարձակման գծերի միջև : Եվ դժվար է կանխատեսել , թե ով կհաղթի այս դիմակայության մեջ ` գերարագ եզրերով <Տոտենհեմը> , թե իր կազմում ֆուտբոլային ֆենոմենալ մենակատար Իբրահիմովիչ ունեցող <Միլանը> :

Կոպենհագեն - Չելսի
Սա երևի թե ամենաանհետաքրքիր մրցավեճն է այս փուլի , քանի որ ունի բացահայտ ֆավորիտ , լոնդոնցիներից դժվար թե մեծ ճիգեր պահանջվի դանիացիների արգելքը հաղթահարելու համար :

пятница, 11 февраля 2011 г.

Քանի տարեկան պիտի լինի դասախոսը ???


     <Դասախոս> բառը օգտագործելիս բոլորիս մտքում պատկերվում է , գրեթե , նույն տեսարանը.......փողկապով ու սպիտակ մազերով ծերուկ (շատ դեպքերում նաև մորուքով) : 


     Դեռևս դպրոցական տարիներից մեր մեջ տպավորված է , որ դասավանդողը պետք է լինի միջինից բարձր տարիք ունեցող , խիստ , ամեն ինչ իմացող , և ամենակարևորը ` անցկացնի  լրացուցիչ պարապմունքներ : Համալսարան ընդունվելուց հետո էլ բավականին ժամանակ պահպանվում են այդ մտքերը , քանի որ ինչպես ուսուցիչները , այնպես էլ բազային առարկաների դասախոսները իրենց ողջ կարիերայի ընթացքում , գրեթե , նույն նյութերի հետ են գործ ունենում , և <ռեստավրացիայի> կարիք չի լինում : Եվ քանի դեռ չեն հայտնվել 3-րդ <Նյուտոնները> կամ 2-րդ <Էյնշտեյնները> (վերջինիս եմ հենց  համարում 2-րդ <Նյուտոն>) , կարելի շարունակել նման մեթոդով ` ուսանողներին տալով <բազմակողմանի> կրթություն :

Վերափոխվել հանուն արագության ու ապագայի


Արտակ Եդիգարյան
Երեկվա ցավալի պարտությունից (մանրամասներին ու լավ խաղին շատ են անդրադարձել) հետո պարզ դարձավ , թե այժմյան հավաքականից ովքեր կարող են ինքնուրույն ազդել խաղի ելքի վրա : Մխիթարյանը  նորից մի քանի գլուխ բարձր էր մնացածից (հաշվի առնելով նաև վրացիներին ) , իսկ այ Գևորգ Ղազարյանը մեղմ ասած տպավորություն չթողեց : Այժմ ` գոնե իմ համար պարզ դարձավ , թե ինչու նա չամրապնդվեց <Կուբանում> : Լավ է ,որ կա Արազ Օզբիլիզի նման հայ ֆուտբոլիստ , որը կարող է փակել այդ բացը (մնում է նրան <համոզել> իր հայ լինելը ) : Եվս մեկ անգամ համոզվեցի , որ ժամանակն է մեր ավագին իր տեղը հավաքականում զիջել երիտասարդներին : Հիմա մեր թիմը հարձակման գծում ունի Հենրիխի նման առաջատար , և այլևս կարիք չունի , որպեսզի պաշտպանները իրենց վրա վրա վերցնեն գոլ խփելու և դիսպետչերի պարտականությունները :
Սարգիս Հովսեփյան
Եվ վերջին շրջանում ինձ չի դադարում զարմացնել Արտակ Եդիգարյանը : Նա խաղում է գրեթե բոլոր գոտիներով և ամեն դիրքում էլ լավ է դրսևորում իրեն : Եվ կարծում եմ հասունացել է այն պահը , որ սկսի որևէ ֆիքսված գոտում խաղալ , և հաշվի առնելով այն , որ հարձակման եզրերում ու հենակետային կիսապաշտպանի հարցերում ներկայիս թիմը խնդիրներ չունի , ու աջ պաշտպանի խնդիրը գնալով մեծանալու է ` ժամանակն է , որ նա փոխարինի մեր ավագին : Իսկ մեր ամենաշատ խաղերի մասնակցած խաղացողը կարող է իր փորձը երիտասարդներին փոխանցել <Փյունիկում> , որը մեր բազային թիմն է:

P.S. Կարծում եմ <չփոխարինված> լինելը խնդիրներ առաջացնում է մեր մարզչի համար: