вторник, 12 февраля 2013 г.

Մի տաքսու պատմություն

Երևանյան անսպասելի ձյունոտ օր էր... Տուն վերադառնալու ժամանակ մի խնդիր կար լուծելու. նստել տաքսի: Մի քանի անհաջող փորձերից հետո, կարծես թե, բախտը ժպտաց ինձ և ազատ տաքսի նկատեցի: Կանգնեցրեցի այն: Սակայն վայրկյան անց նկատեցի, որ հետևի նստատեղին աղջիկ կա: Հիասթափված, հայացքս փոխեցի դեպի հեռուն՝ նոր տաքսի փնտրելու: Եվ հանկարծ նկատեցի, որ տաքսու վարորդը ձեռքի շարժումով ցույց է տալիս, որ մոտենամ: Մոտեցա: Բացում եմ վարորդի կողքի դուռը՝ ևս մեկ անգամ նկատելով, որ ետևի նստատեղին աղջիկ կա: Այդ ժամանակ լսում եմ նրա բացատրությունը. «Ուղղակի պասաժիռ կա, նստի»: Այդ պահին չըմբռնելով, թե ինչ ասվեց ինձ ու չհրաժարվելով հյուրընկալ վարորդի բարյացկամությունից ու գեղեցիկ աղջկա ընկերակցությունից՝ նստում եմ: Սկսում ենք խոսել անսպասելի տեղացող ձյունից, քաղաքականությունից: Ամեն ինչ լավ է, բայց դեռևս կան մի քանի հարցեր, որոնց պատասխանը դեռ չունեմ. 1) ով է այդ աղջիկը, 2) ես դեռ չեմ ասել, թե ուր պետք է գնալ: Սակայն հասկանալով, որ ճանապարհին դեռ խաչմերուկներ չեն եղել ու ճանապարհը միակն է՝ դեռ լռում եմ: Հասնում ենք աղջկա տան մոտ: Նա վճարում է, շնորհակալություն հայտնում ու լքում մեքենան: Պատրաստվում եմ ասել, թե ուր պետք է գնանք, բայց սկսվում է պատմությունը...
    - Քեզ էլ տանեմ Ջրվեժի խաչմերուկի մոտ իջացնեմ ու գնամ Նոռային վերցնեմ,- ասաց նա:
Իմ մոտ առաջացան մոտավոր այն զգացումները ինչ դուք եք զգում այս տողը կարդալուց հետո... ոչ մի բան չեմ հասկանում:
    - Ին՞չ,- փորձում եմ պարզել, թե ինչ «Ջրվեժի խաչմերուկի» մասին է խոսքը:
  - Մե՛ր, մեր Նոռային վերցնեմ, Գագոյին կնգան,- կարծելով թե Նոռային չեմ ճանաչել՝ մանրամասնում է նա:
    - Բայց ինչ «Ջրվեժի խաչմերուկ»,- վերջապես փորձում եմ հասկանալ իրավիճակը:
    - Արթուր ջան քեզ ճանապարհեմ տուն, ես գնամ Նոռային վերցնեմ ու գնանք Քանաքեռ:
Մինչ այս պատասխանը արդեն գրեթե վստահ էի, որ նա շփոթել էր իր ինչ-որ ծանոթի հետ, սակայն անունս լսելուց հետո, ևս մեկ անգամ սկսեցի ուշադիր զննել նրա դեմքը և փորփրել հիշողությունս:
    - Բայց մենք ծանոթ չենք:
    - Բա ասում եմ «Արթուր», ասում ես հա:
Ու ցավոք ես այդ պահին չունեի վիճակագրական տվյալներ, թե Հայաստանում տղաների քանի տոկոսի անունն է «Արթուր», միգուցե այն զիջում է միայն «Նարեկ»-ին:
Այստեղ երկուսս էլ հասկացանք, որ շփոթմունք է տեղի ունեցել: Չկարողանալով ոչ-մի կերպ համոզել, որ Նոռային կարելի է մի փոքր ուշ վերցնել և ինձ տուն հասցնել՝ ստիպված էի այլ տաքսի նստել: Այս անգամ էլ ստիպված էի լսել անվտանգ երթևեկելու մասին դասախոսությունը: Բայց քանի որ դասերը պահանջում են նաև պրակտիկ, գործնական ուսում՝ վարորդը մեջ հաճույքով ցուցադրեց այն: 20-25 կմ/ժ լույսի արագությունը գերազանցող արագությամբ վերջապես հասա տուն:

Комментариев нет:

Отправить комментарий